29/06/2018 09:39
«Հրապարակ». Քննությունը գնում է, պարզվում է՝ փողերի «ծագումը» կա՛մ օրինական է, կա՛մ հանցանք չկա, և գործը կարճվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության բոլոր շերտերում շատ դրական են վերաբերվում նոր իշխանությունների կոռուպցիոն բացահայտումներին։ «Պիտի մաքրվեր էս ամենը»՝ գտնում են անգամ նախկին իշխանավորներից ոմանք։ «Սակայն մեկ այլ խնդիր էլ կա, և դա գրեթե միշտ է եղել։ Գործը հարուցվում է, հաղորդագրությունը՝ տարածվում, սակայն դա այլևս շարունակություն չի ունենում։
Եթե փնտրեք, շատ հազվագյուտ հաղորդագրություններ կգտնեք գործերի կարճման մասին։ Ասել է թե՝ շոուն ապահովվում է, հասարակության էյֆորիան՝ նույնպես, քննությունը գնում է, պարզվում է՝ փողերի «ծագումը» կա՛մ օրինական է, կա՛մ հանցանք չկա, և գործը կարճվում է, բայց շատ քչերն են իմանում այդ մասին, ընդ որում՝ շատ դեպքերում արդեն կատարվածն այլևս չի էլ հետաքրքրում հանրությանը։ Այնպես որ, մի բացառեք, որ այսօր բավականին աղմուկ հանած գործերի քննության ընթացքում պարզվի, որ «ապօրինի հարստացումն» ու շորթումն այնքան էլ պատկերացրածի չափ չէին, և իրականում բոլորովին այլ խնդիր էր լուծվում», - ասել է թերթի զրուցակիցը»։