29/06/2018 10:58
Հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում մեծ է գործարար հանրության դերը. Սուրեն Պապիկյան
Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը:
Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով, որ միջմարզային հարաբերություների կապերը ծանրակշիռ դերակատարում ունեն համագործակցության համար:
«Դրանք նպաստում են պոտենցիալի ամրացմանը, մարզային անհամաչափության վերացմանը», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ հայ-ռուսական ակտիվ համագործակցությունը հանդիսանում է առաջանային խնդիր ՀՀ կառավարության համար:
«Մենք պետք է համատեղ ուղիներ որոնենք համագործակցության համար, համոզված եմ, որ արդյունավետ լուծումների դեպքում մենք ականատես կլինենք նոր ինովացիոն ծրագրերի իրականացմանն ու կյանքի կոչմանը», - ընդգծեց նա:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի խոսքով՝ համագործակցության ամրապնդման գործում մեծ է գործարար հանրության դերը:
«Մենք պետք է նախաձեռնենք համագործակցության նոր ուղղություններ, օգտագործենք նախկինում չօգտագործված հնարավորությունները, կարծում եմ՝ մեր հանդիպումը յուրահատուկ է», - ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ ֆորումի հիմնական նպատակն է նախկինում նախատեսած համագործակցության ընդլայնումն ու խորացումը, հատկապես, բիզնեսի շրջանակներում,:
«Ուրախ ենք արձանագրել, որ տարեցտարի խորանում են մեր կապերը նաև գիտության մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում», -հավելեց նախարարը: