29/06/2018 19:41
«Սանտա Կրուս»՝ երբ գիտակցությունը հաղթում է սիրուն. Ալլա Սահակյանը՝ նոր ներկայացման մասին
Շվեյցարացի թատերագիր Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս»-ը Հայաստանում արդեն բեմական կարգավիճակ ունի: Շուրջ մեկ տարի առաջ ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանի ուշադրության կենտրոնում կրկին հայտնված պիեսն այս տարի կյանքի է կոչվել ներկայացման տեսքով՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում: Սրտի ու բանականության պայքարի մեջ մտած եռանկյունու գլխավոր հերոսներն են Ալլա Սահակյանը, Վարշամ Գևորգյանն ու Արման Նավասարդյանը: Բեմում էին նաև Դավիթ Հակոբյանը, Նարեկ Բաղդասարյանը Վանիկ Մկրտչյանը, Արմինե Անդրեասյանը, Կարեն Խաչատրյանը և այլք:
Երկու ժամ տևողությամբ երկու գործողությամբ բեմադրությունն այն ներկայացումների շարքին է դասվում, որոնք «երազում» հայտնված հանդիսատեսին կլանված են պահում՝ առիթ չտալով ձանձրանալու ու դահլիճը լքելու: Ի դեպ, սա Ալլա Սահակյանի և Վիգեն Չալդրանյանի առաջին համագործակցությունն է:
Սովորաբար, բեմադրիչները ներկայացումների ընթացքին փոքր-ինչ հեռվից են հետևում՝ բեմում գտնվող արտիստների մոտ ավելորդ լարվածություն չառաջացնելու նպատակով: Հատկանշական էր, որ այս ներկայացման ժամանակ Վիգեն Չալդրանյանը հանդիսատեսի հենց առաջին շարքերում էր: Aysor.am-ի հարցին՝ արդյոք վերջինիս ներկայությունը չէր կաշկանդում բեմում գտնվողներին, Ալլա Սահակյանը խոստովանեց.
«Գուցե կան դերասաններ, ովքեր սիրում են, որ ռեժիսորը տեսադաշտից մի քիչ հեռու լինի, բայց ես նրա ներկայությունից չեմ լարվում կամ կաշկանդվում: Որտեղ էլ լինի, նա միշտ դալիճ է հասնում ու ձեռքը ներկայացման զարկերակին պահում: Վերջին անգամ էլ Մոսկվայից ուղիղ դահլիճ էր եկել, նույնիսկ չէր հասցրել հանգստանալ: Ի վերջո, նա բացի այս ներկայացման ռեժիսորը լինելուց, նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Պատասխանատվությունը կրկնակի է, ամեն մանրուք՝ սկսած դերասանների հագուստից ու գրիմից, իր ուշադրության կենտրոնում է, այլ կերպ չի կարող»:
Ալլայի մարմնավորած Էլվիրան, սիրահարված լինելով ծովահենին, ամուսնանում է կայուն ու հարուստ կյանք ապահովող բարոնի հետ: Դերասանուհին նկատում է՝ երջանիկ է այն մարդը, ում գիտակցությունն ու զգացողությունը ներդաշնակ են: Ինքն իրեն էլ դերասանուհին դասում է այդ երջանիկների թվին:
Անդրադառնալով հիմնական խաղընկերներին՝ Վարշամ Գևորգյանին ու Արման Նավասարդյանին, Ալլա Սահակյանն ընդգծեց՝ առաջին անգամ չէ, որ խաղընկերների հետ նույն բեմում է հայտնվում, առիթ են ունեցել նաև ֆիլմերում նկարահանվել:
«Արդեն սովորել ենք միմյանց աշխատելաոճին, որևէ խնդիր չենք ունենում, ամեն ինչ սահուն ու հետաքրքիր է անցնում: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր մասով ամեն ինչ արել ենք, որպեսզի ներկայացումը կայանա», - նշեց նա:
Բնօրինակն ու բեմականացված աշխատանքը միամյանցից շատ չեն տարբերվում. թեև որոշ հատվածներ կրճատվել են՝ դինամիկան պահելու նպատակով: Ինչպես դերասանուհին է բնորոշում՝ պիեսի մեջ շատ գրականություն կար ու քիչ թատրոն, այնինչ բեմում պատկերը հակառակ ուղղությունը ստացավ:
Հատուկ «Սանտա կրուս»-ի համար դերասանները նոր զգեստներ ունեին, որոնց ձևավորողը Լիլիթ Մելիքյանն ու Վիգեն Չալդրանյանն են: Բեմի ձևավորումը նույնպես վերջիններիս համագործակցության արդյունքն էր:
Ներկայացման առաջին հանդիսատեսներից են եղել նաև Ալլա Սահակյանի ամուսինն (ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայան՝ հեղ.) ու նրանց փոքրիկ դուստրը, ովքեր գոհ են հեռացել դահլիճից:
«Սովորաբար, ամուսինս իմ թիվ մեկ քննադատն է: Ինձ միշտ ասում է՝ դու շատ մեծ պոտենցիալ ունես, դեռևս լիարժեք չես բացում այն, ինչ կարող ես: Այս ներկայացման ժամանակ ինձ ուղղված նրա գնահատականը բավական բարձր էր, ինչը համընկավ նաև շատ ու շատ այլ ռեժիսորների, արվեստագետների կարծիքներին: Դա ինձ համար և՛ շատ ուրախալի է, և՛ շատ պարտավորեցնող», -հավատացրեց նա:
Ալլա Սահակյանը միայն թատերական բեմով չի, որ սահմանափակվում է, դերասանուհին հաճախ բեմում Գարի Քյոսայանի հետ որպես երգչուհի է հանդես գալիս: Aysor.am-ի զրուցակիցն ասում է՝ ամուսինն իր երկու մասնագիտություններին էլ հարգանքով է վերաբերում՝ մեկին մյուսից ավել կամ պակաս տեղ չհատկացնելով:
«Որպես դերասանուհի՝ ես արդեն բավական հայտնիություն ունեի, երբ մենք սկսեցինք միմյանց հետ աշխատել: Ինչ խոսք, իր համար շատ ավելի հաճելի է, երբ մենք երկուսով ենք բեմում, բայց նա երբեք չի խոչընդոտել իմ գործունեություններից և որևէ մեկին: Իմ ներսում երգարվեստն ու թատերարվեստը սինթեզված են: Մինչև մեր ամուսնությունն էլ, երբ մենք պարզապես գործընկերներ էինք, նա հաճախ էր Համազգային թատրոնի ներկայացման տոմս գնում», - ժպիտով հիշեց դերասանուհին:
Դիտարկմանը՝ չունի արդյոք մտադրություն գործունեությունը շարունակել երաժշտական թատրոնում, թեկուզ հենց Պարնյանում, դերասանուհի-երգչուհին պատասխանեց.
«Եթե երաժշտական ներկայացման լավ ու հետաքրքիր առաջարկ լինի, իհարկե, կարելի է քննարկել: Բայց այսօր գնալ ուրիշ թատրոն ու գործունեությունդ սկսել զրոյից՝ այնքան էլ հեշտ չէ: Ի դեպ, մենք բեմադրած մյուզիքլ ունենք, որում ես գլխավոր դերով եմ հանդես եկել դեռ տարիներ առաջ: Այդ ժանրում ինձ համար սա լավագույն փորձառությունն էր, որտեղ ոչ միայն խաղում էի, այլև երգում ու պարում: Ես էլ մտահղացում ունեմ, որը, հավանաբար, առաջիկայում կյանքի կկոչեմ»: