30/06/2018 14:55
Անդրիաս Ղուկասյանի ստեղծած շարժումը դառնում է կուսակցություն՝ ՀԿԿ
Հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանի ստեղծած «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը դառնում է կուսակցություն՝ Հայ կառուցողական կուսակցություն։ Այսօր այս կուսակցության առաջին համագումարն էր։
Ղուկասյանի ղեկավարած կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Մեր գլխավոր նպատակն է ստեղծել ազատ ու բարոյական հասարակություն, որը բաց է միջազգային համագործակցության համար», -հայտարարեց Ղուկասյանը։
Ներկայացնելով կուսակցության մոտեցումները, սկզբունքները՝ Ղուկասյանն ասաց, որ իրենց գաղափարախոսությունն է սոցիալ-ազատական գաղափարարախոսությունը։
Նորաստեղծ կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման ժամանակ Ղուկասյանն ասաց, որ իրենց կարծիքով Հայաստանում պատժական համակարգը «շատ խիստ է»։
«Նույնիսկ իրավաբանական դասագրքերում նշվում է, որ Հայաստանում շատ խիստ են կիրառվում պատիժները դատարանների կողմից, իսկ պատիժ կրելու ոլորտում պայմաններն այնպիսին են, որ շատ քիչ են նպաստում մարդու ուղղվելուն, հետևաբար Հայաստանի համար ամոթ է 21-րդ դարում ունենալ այդպիսի պատժային համակարգ։ Անհրաժեշտ է դա փոխել։ Ամեն մի փոքր հանցագործության համար չպետք է մարդուն զրկել ազատությունից, անհրաժեշտ է գտնել ալտերնատիվ պատժի միջոցներ», - նշեց Ղուկասյանը՝ չհստակեցնելով, թե որն է «ամեն մի փոքր հանցագործությունը»։
Տնտեսական բլոկի մասով նա նշեց, որ անհրաժեշտ է նվազեցնել հարկային բեռը, ինչի հնարավորությունը կարող է տալ ազգային կապիտալի ճշգրիտ կազմակերպումը։
«Բիզնեսի հետ հարաբերությունները պետք է կազմակերպել նոր ձևով։ Այսօր Հայաստանում ցանկացած տնտեսական սուբյեկտի կողմից գործ անելը առաջացնում է հարկային պարտավորություն, ինչը ազդում է գործարարի գործունեության համար։ Մեր կարծիքով, անհրաժեշտ է դնել մի կողմ գոյություն ունեցող հարկային համակարգը և անցնել այնպիսի հարկային մեթոդների, որոնք միգուցե առաջին փուլում կնվազեցնեն պետության եկամուտները, բայց հետագայում կստեղծեն ավելի մեծ ներուժ պետության համար, կընդլայնվի տնտեսությունը։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս չկորցնել սոցիալական ոլորտում ֆինանսավորման աղբյուրները, մեր պատասխանն է՝ ստեղծել ազգային կապիտալ», - նշեց Ղուկասյանը։