30/06/2018 14:59
Կարծում եք՝ կառչած եմ ՀՖՖ նախագահի պաշտոնի՞ց. Ռուբեն Հայրապետյանը արձագանքել է Փաշինյանին
Սևանի «Հարսնաքար» հանգստի համալիրում այսօր մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ համաժողովում քննարկման է դրվել «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից: Ժողովի մասնակից անդամները (24 անդամ) միաձայն կողմ են քվեարկել նշված ակումբների անդամությունից զրկելուն:
ՀՖՖ-ին անդամագրվել են 12 նոր կազմակերպություններ:
Ի դեպ, համաժողովի սկզբում բացման խոսքով հանդես է եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը «Armsport.am»-ի փոխանցմամբ, ասել է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր իր անդամների քննարկմանն է ներկայացնում ձեզ նախապես ծանուցված օրակարգը: Մեզ բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և համոզված եմ, որ ընդունված բոլոր որոշումներն իրապես կնպաստեն հայկական ֆուտբոլի հետագա զարգացմանը:
Բոլորիդ հայտնի է, որ որոշ վայ ֆուտբոլի մասնագետներ և ներկայացուցիչներ փորձել են անընդհատ ներկայացնել, թե այսօր նաև ՀՖՖ-ի նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Նման հարց չկա: Բոլորդ էլ տեսնում եք: Լուրեր են տարածում և փորձում վարկաբեկել մեր տարիների աշխատանքը:
Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն ինչ-որ բան անելու որևէ խնդիր չունի: Ըստ այդմ, իմ տեղակալին` Արմեն Մինասյանին, լիազորում եմ վարելու այսօրվա նիստը և շարունակելու այն: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը` որպես ֆեդերացիայի նախագահ: Կան որոշ պատճառներ, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել»։
Ավելի ուշ Հայրապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես, լրագրողներից մեկը Հայրապետյանին հիշեցրել է օրեր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը ՀՖՖ նախագահի ընտրության հետ կապված։ Հիշեցնենք՝ Փաշինյանը հույս էր հայտնել, որ օրերս կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունը կլինի երկրպագուների և ֆուտբոլային հանրության սրտով:
«Միանշանակ կիսում եմ: Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ և չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Կարծում եք` կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Իհարկե ոչ», - ի պատասխան նշել է Հայրապետյանը։