02/07/2018 15:00
«Երևան» բժշկական կենտրոնի շուրջ կոնֆլիկտին ժամանակին միջամտել է Բաղրամյան 26-ը. Վիրաբույժ Տարոն Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել
«Երևան» բժշկական կենտրոնի շուրջ արդեն մի քանի տարի շարունակվող կոնֆլիկտը չի մարել, և դատական քաշքշուկները շարունակվում են։
Հիշեցնենք՝ հիվանդանոցի սեփականատերերից մեկը «Երևան» բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հայկ Բալայանն է (հրապարակախոս Զորի Բալայանի որդին), մյուսը՝ ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը: 2007 թվականից հիվանդանոցը ղեկավարել է Տարոն Տոնոյանը, սակայն դեռ 2014-ին համաձայնել է այդ պաշտոնը փոխանցել Հայկ Բալայանի առաջարկած թեկնածուին՝ Հակոբ Բալայանին, սակայն խնդիրներն այդպես էլ չեն լուծվել: Այնուհետև 2016-ի օգոստոսին Հակոբ Բալայանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտոնից և մինչև այժմ կլինիկան մնացել է առանց տնօրենի: Տոնոյանը 50 տոկոս բաժնետեր է։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տարոն Տոնոյանը, ով արցախյան ազատամարտի մասնակից բժիշկներից է, հայտարարեց, որ հրապարակախոս Զորի Բալայանը ցանկանում է, փորձում է իրենից խլել հիվանդանոցը։
«Հայտնի, փորձված մեխանիզմներով խլում են ինձանից հիվանդանոցը, ինձ քցում են», - հայտարարեց Տոնոյանը։
Նա հիշեցրեց 2014 թվականը, երբ այն ժամանակ իր գործընկեր Բալայանի առաջարկով որոշակի կադրային փոփոխություններ է համաձայնել կատարել, սակայն որոշ ժամանակ անց, նրա խոսքով, հայր ու որդի Բալայաններն իրեն ուղիղ ասել են՝ «Դու պետք է գնաս այստեղից»։
Տոնոյանը պատմեց, որ իրեն գումար են առաջարկել հիվանդանոցից թողնել-հեռանալու համար։ Ավելին, նույնիսկ իրեն հրավիրել են Բաղրամյան 26՝ նախագահական։ «Այնտեղ տեղի ունեցավ բավականին կոշտ և, թույլ տվեք ասել, փողոցային խոսակցություն այն մասին, որ ես պետք է վերցնեմ, համաձայնեմ առաջարկին ու դուրս գամ հիվանդանոցից։ Հիմա ազատ եմ խոսում, այն ժամանակ էլ ընդդիմացել եմ, ասել եմ, որ դա չի լինի, ես դուրս չեմ գա հիվանդանոցից։ Ինձ ասում էին՝ տեսա՞ր ինչ արեցինք Ծառուկյան Գագոյի հետ, ես էլ ասեցի, որ երևում է՝ իմ կենսագրությունը չեք ուսումնասիրել», - ասուլիսում պատմեց Տարոն Տոնոյանը։
Վիրաբույժի խոսքով՝ իր բազմաթիվ ընկերներ հորդորել են վերցնել առաջարկվող գումարը ու հեռանալ, սակայն չի համաձայնել զիջել դիրքերը։
Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը ստիպել է ազատամարտին մասնակից բժշկին բարձրաձայնել խնդրի մասին, որն այժմ դատական քաշքշուկների փուլում է։ Այժմ վիրաբույժ Տարոն Տոնոյանն բժիշկների իր փոքրաթիվ կազմով աշխատում է բուժհիմնարկներից մեկում, միաժամանակ շինթույլտվության համաձայնությունն ստանալուց հետո նոր բուժհիմնարկ է սկսել կառուցել, սակայն դրան էլ, Տոնոյանի խոսքով, խոչընդոտում են։
«Նպատակս է իմ կոլեկտիվը վերադարձնել այնտեղ։ Պետք է ասեմ, որ ռեալությունից կտրված են և չեն պատկերացնում, որ հարկավոր է նստել ու հարցին լուծում տալ։ Իրենք դեռևս ակնկալիք ունեն, որ քննչական, դատական մարմինների միջոցով հարցեր կարող են լուծել։ Շատ կոշտ միջամտություններ են եղել ստորին օղակներում, որ իմ նկատմամբ քրեական գործեր հարուցվեն։ Բայց դա չի հաջողվել։ Պատկերացրեք՝ ամենաբարձր մակարդակով միջամտություններ են եղել։ Ես կարծում եմ, որ այդ գործերը պետք է փակվեն», - ասաց Տոնոյանը։
Նրա խնդրանքն այն է, որ իրավապահ մարմինները հարցին լուծում տան, որ «մեր գործընկերը հույսեր չկապի դրանց հետ և մենք նստենք բանակցային սեղանի շուրջ, հարցը լուծենք»։
Վիրաբույժն ասուլիսին ներկայացել էր փաստաթղթերով ու, վկայակոչելով ԿԳ նախարարության տրամադրած տեղեկանքը, հայտարարեց, որ Հակ Բալայանը 1995-97 թվականներին անընդմեջ սովորել է, մինչդեռ մեկ այլ փաստաթղթի համաձայն, այդ տարիներին նա ծառայել է հայկական բանակում՝ «արտոնյալ պայմաններում, զինվորական հոսպիտալում, տանը գիշերակացով»։
Նույն փաստաթղթերի համաձայն, նա սովորել է Հայկական բժշկական ինստիտուտում, այսինքն՝ մասնավոր մի բուհում։ «1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է իշխանության, Զորին հնարավորություն է ունեցել տեղափոխել իր տղային, 98-ի նոյեմբերին տեղափոխել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան։ Ինքը ստացել է լեյտենանտի կոչում՝ առանց զինվորական գործ անցելու, որովհետև այդ բուհում զինվորական կաֆեդրա չկա», - նշեց Տոնոյանը։