02/07/2018 11:27
Պաշտպանության բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման. Դավիթ Բաբայան
Արցախը հետևում է Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Արցախում շատ հանգիստ տրամադրություն է, իհարկե, բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և սա բնական է, որովհետև նույնիսկ, եթե բարեկամական հարևան երկրներում է զորավարժություն լինում, մյուս երկրների զինված ուժերը բերվում են պատրաստության այդ աստիճանին: Սա ընթացակարգ է: Առավել ևս, երբ մենք ունենք հակառակորդ, որը չի էլ թաքցնում իր նպատակաները», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց, իհարկե, բանակը պետք է միշտ հզոր լինի, սակայն նմանատիպ մարտահրավերներին արձագանքելը միայն Զինված ուժերի խնդիրը չէ:
«Ճակատից բացի պետք է նաև ամուր թիկունք: Իսկ ամուր թիկունքը` միասնականությունն է»,- ամփոփեց Դ. Բաբայանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 2-6-ը Ադրբեջանի Զինված ուժերը 20 հազար զինծառայողների ներգրավմամբ զորավարժություն կանցկացնեն: Դրանցում կներգրավվի մինչև 120 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետեր, ինչպես նաև օդուժից մինչև 30 միավոր: Կխարկվի լայնամասշտաբ հարձակվողական գործողություն, զորավարժությունների ընթացքում կկիրառվի նաև մարտական կրակ: