02/07/2018 21:32
Արցախում մշակույթի նոր նախարար է նշանակվել
Սերգեյ Շահվերդյանը դիմել է Արցախի նախագահին խնդրանքով՝ ընդունել իր հրաժարականը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից:
«Իմ հրաժարականը թելադրված էր ներքաղաքական յուրահատուկ իրավիճակում հանրապետության նախագահին՝ երկրում էական և սկզբունքային բարեփոխումներ իրականացնելու համար առավել անկաշկանդ հնարավորություններ ընձեռելու անհրաժեշտությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության նախագահին՝ շուրջ 10 տարի երկրի զագացմանը նպաստելուն ինձ ընձեռած բացառիկ հնարավորության համար: Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարարի պաշտոնում արեցի այնքան, որքան հասցրեցի, իսկ կիսատ մնացած ծրագրերը, հուսով եմ՝ կշարունակեն իմ գործընկերները:
Թողնելով այս ծառայությունը՝ հետագայում ևս, ինչպես միշտ, կշարունակեմ իմ համեստ ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության, խոսքի ազատության ու մարդու իրավունքների լիակատար պաշտպանության ապահովման ուղղությամբ:
Որպես հասարակության անդամ՝ իմ մասնագիտական ունակություններն ու ձևավորված միջազգային կապերը կշարունակեմ օգտագործել ի նպաստ մեր երկրում զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառների հետագա զարգացման», - գրել է Ս.Շահվերդյանը Facebook-ի իր էջում։
Իսկ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար: