03/07/2018 18:35
ՀՔԾ-ն հաստատում է. Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար ծանուցագիր է ուղարկվել
Հատուկ քննչական ծառայությունից հաստատում են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծանուցում է ուղարկվել Մարտի 1-ի գործով հարցաքննությանը մասնակցելու համար: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեցին ՀՔԾ-ից` չհստակեցնելով, սակայն, ծանուցումն ուղարկելու ժամկետները կամ այլ մանրամասներ:
2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ հերքել էր ծանուցագիր ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը` նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցելու մասին ծանուցագիր չի ստացել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը մասնակցություն են ունեցել, իսկ ռազմական դրության հայտարարումը անօրինական է եղել։
Գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: