03/07/2018 13:55
Հայ պատանիները հաղթանակած են վերադարձել Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնից
Հայ պատանիները հաղթանակներ են գրանցել Վրաստանում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնին: «Վրաստանից՝ սիրով» խորագրի ներքո անցկացված միջազգային իրադարձությանը մասնակցել են խմբեր Հայաստանից ու մարզերից, ովքեր գրավել են մրցանակային հորիզոնականներ: Պատանիների մասնակցությունը Բաթումի քաղաքում անցկացված իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի:
«Այս տարի կրկին մեր մասնակիցները փայլեցին Բաթումիի օպերային թատրոնում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնին, որը ներառում է արվեստի տարբեր ճյուղեր՝ երգ, պար, նկարչություն, թատրոն, ասմունք և այլն: Մրցույթին մասնակցել է 58 հայ պատանի, և նրանց մեծ մասը գրավել են մրցանակային տեղեր», - նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով նաև Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներից էր:
Մրցութային ժյուրին բաղկացած էր 9 երկրների ոլորտի առաջատար մասնագետներից, ովքեր գնահատել են մասնակիցների կատարողական վարպետությունը, շարժումների տեխնիկան, համարի կոմպոզիցիոն կառուցվածքը, տաղանդը և այլ կարևոր հանգամանքներ:
Ռոլանդ Ռեյի (Աբրահամյան) խոսքով՝ միջազգային մրցույթին մասնակցել են 1500-ից ավելի պատանի արտիստներ 15 երկրներից: Նրա հավաստմամբ՝ Հայաստանն առաջին անգամ չէ մասնակցում այս բացառիկ իրադարձությանը, քանի որ «Մինորա» մշակութային կենտրոնը մրցույթ-փառատոնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է:
Հայ պատանիները ներկայացել են տարբեր ոճերում ու տարիքային խմբերում, հանդես եկել ինքնատիպ ելույթներով, և արդյունքում վերադարձել են հայրենիք հաղթանակներով՝ գրավելով I, II, III տեղերը տարբեր տարիքային խմբերում:
Իրադարձությանը մասնակցել են Ջիվանու աշուղական դպրոցի Արմինե Հունանյանի վոկալի խումբը, Հրազդանի «Արամազդ» թատերախումբը, Նոր Գեղիի «Կանթեղ» երգչախումբը, Ծաղկաձորի արվեստի դպրոցի պարային խումբը, Մարալիկի «Անի» պարային համույթը, Երևանի «Արարատ» պարային համույթը, ինչպես նաև ասմունքող Վանաձորից: