03/07/2018 16:38
Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննվելու մասին ծանուցում է ուղարկվել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցելու համար նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։
Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, այս մասին առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չեն տրամադրում։ Հայտնի չէ նաև, թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Քոչարյանը։
Նշենք, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը մասնակցություն են ունեցել, իսկ ռազմական դրության հայտարարումը անօրինական է եղել։
«ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:
Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով», -մասնավորապես ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Միքայել Հարությունյանը գործով ներգրավել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։