03/07/2018 16:30
Ի՞նչ կարգավիճակ է ունենալու Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով
Հատուկ քննչական ծառայությունն առայժմ չի հրապարակում, թե Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության շրջանակներում ովքեր են հարցաքննվել։
Այսօր, հիշեցնենք, ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ հուլիսի 3-ին հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ։ Այս գործի շրջանակներում որոշվել է որպես մեղադրյալ ներգրավել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
«ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ», - ասված է ՀՔԾ-ի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
2008 թվականին պաշտպանության փոնախարար էր Սեյրան Օհանյանը, որը նաև զբաղեցրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Aysor.am-ի հարցին, թե արդյոք Օհանյանը ևս հնարավոր է մեղադրյալ ներգրավվի այս գործով, ՀՔԾ լրատվական ծառայությունից հստակ չպատասխանեցին՝ հորդորելով սպասել նախաքննության ընթացքին, որի մասին պարբերաբար տեղյակ կպահեն հասարակությանը։
Մեր մյուս հարցին, թե գործը քննող քննչական խումբը պատրաստվո՞ւմ է հարցաքննության հրավիրել նաև Օհանյանին, լրատվական ծառայությունից ասացին, որ հարցաքննված անձանց մասով այս պահին տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։
«Առաջիկայում հարցաքննությունների մասին կտրամադրվի այն ծավալով տեղեկատվությունը, որը չի վնասի նախաքննության շահերին», - փոխանցեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։
Նկատենք, որ մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության մասին Սեյրան Օհանյանի դիրքորոշումը եղել է մեկը, որը հակասում է նախաքննական մարմնի այսօր հրապարակած դիրքորոշմանը։ ՀՔԾ-ն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ բանակը մարտիմեկյան իրադարձությունների մասնակից է եղել։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես, նշվում է. «... Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ»։
Սեյրան Օհանյանը իր դիրքորոշումը պնդել էր գրեթե մեկ տարի առաջ, «Եռաբլուրում», երբ հայտարարել էր, որ բանակը մարտիմեկյան դեպքերին մասնակցություն չի ունեցել։
2017-ի հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել էր, որ այդ ժամանակ ինքը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել է ՀՀ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ իրավիճակի վերաբերյալ։
«Մարտի 1-ին զինված ուժերը որևէ դերակատարություն չեն ունեցել, իսկ մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարևորագույն, գլխավոր օբյեկտների, որոնք ապահովում են մեր կենսունակությունը, պաշտպանությանը և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն։ Եթե ես իմ մեղքի չափն ունեմ, պատասխան եմ տալիս», - հայտարարել էր Օհանյանը։