03/07/2018 17:59
Սպորտում «Դուխովներն» ուժեղ էին «Արծիվներից», իսկ երազանքի հարցում միահամուռ են՝ ազատություն. Մեկ օր՝ «Աբովյան» ՔԿՀ-ում (Տեսանյութ, լուսանկարներ)
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 3-ին կին դատապարտյալների համար կազմակերպվել էր մարզական միջոցառում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Աբովյան քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ ուժերով իրականացված մարզական միջոցառմանը կին դատապարտյալները իրենց ուժերը չափեցին վազքի, հեռացատկի, բազկամարտի, սեղանի թենիսի, դարթսի և վոլեյբոլի մրցումներում:
Թե ինչ է փոխվում այս միջոցառումներով դատապարտյալների կյանքում, «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանը պատասխանում է. «Ավելի մոտիկ են կանգնում հասարակությանը, փակ դռների արանքից լույս են տեսնում իրենք ու հիմա նման միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում»։
«Աբովյան» ՔԿՀ-ում այս պահին կա 111 կին դատապարտյալ, սակայն ոչ բոլորն են կարողանում մասնակցել միջոցառումներին. Խնդիրը երբեմն տարիքն է, առողջությունն ու հաշմանդամություն ունենալը։
Դատապարտյալներից Ռուզաննա Սարգսյանի համար ոգևորիչ են սպորտային միջոցառումները։
«Շատ հաճելի է, քանի որ մենք ազատութունից զրկված ենք, նման միջոցառումները մեզ թույլ են տալիս գոնե հոգեպես ազատ զգալ, լիցքաթափվում ենք», - պատմում է նա։
Հատկապես շատ են մասնակցում վոլեյբոլի միջոռացումներին, բայց այնպես չէ, որ մյուս միջոցառումներին մասնակցող չկա։
Հարցին՝ կա՞ որևէ սպորտաձև, որը կուզենային ավելանար, Ռուզաննան պատասխանում է. «Շախմատը, շատ կուզեինք, շատ են ցանկացողները, այս տարի դիմել ենք, հուսով ենք՝ մյուս տարի այստեղ չենք լինի, բայց եթե լինենք, այդ սպորտն էլ ավելանա»։
Ռուզաննան, մինչ ազատությունից զրկվելը, բռնցքամարտով է զբաղվել. վստահեցնում է՝ երբ դուրս գա ՔԿՀ-ից, նորից վերսկսելու է պարապմունքները. «Մարզիչս ինձ է սպասում»։
Դատապարտյալներից Մհերյան Ժենյան ամենաակտիվն է. մասնակցել է բոլոր վեց սպորտաձևերին. ամենից շատ սիրում է թենիսն ու վոլեյբոլը։
Ժենյան նույնպես ցանկանում է, որ ավելանա շախմատը, նաև՝ շաշկին։
Հարցին՝ մրցակցություն մե՞ծ է, պատասխանում է. «Ճիշտն ասած, մենք մեր մեջ չունենք, բայց ավելի կնախընտրեինք, որ մենք խաղայինք ուրիշների հետ, մեր ուժերը փորձեինք ուրիշների հետ, որովհետև մեր մեջ գիտենք մեր ուժերը»։
Ժենյան ցանկանում է, որ նման միջոցառումներն ավելի հաճախակի․ լինեն, քանի որ դատապարտյալներով ավելի են միավորվում։
«Խումբ ենք դառնում, լավ է, թող շուտ-շուտ լինի», - ասում է նա։
Եղե՞լ են վեճեր խաղերի ընթացքում, պատասխանում է. «Չէ, մենք իրար լավ հասկանում ենք»։
Ի դեպ, մրցումներում դատապարտյանլերն ունեն նաև իրենց թիմերի անունները՝ «Դուխովներն» ու «Արծիվները»։
Սպորտում հաջողություններ գրանցելուց հետո հետաքրքրվում ենք՝ ի՞նչ նվիրական երազանք ունեն, շատերն իրար հետ հավասար պատասխանում են՝ «ազատություն, միայն ազատություն»։
Նշենք, որ մրցումներում 1-ից 3-րդ տեղը զբաղեցնողներին սպասում էին պատվոգրեր, որոնք դատապարտյալներին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սարգիս Ավագյանը, իսկ նախարարության կողմից գնդակներ, սեղանի թենիսի ռակետներ, մարզական համազգեստներ, որպես նվերներ, հանձնվեց ՔԿՀ-ին։