04/07/2018 15:24
Որևէ վրիպում չպետք է թույլ տրվի. Մասնագետը համոզված է, որ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի
Փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանը վստահ է՝ Հատուկ քննչական ծառայությունը պետք է փոխի Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը և առաջադրի այլ մեղադրանք Քրեական օրենսգրքի այլ հոդվածով։
Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Ավելին, երեկ ուշ երեկոյան մեղադրանքն առաջադրվել է նույն հոդվածով ու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանին կալանավորելու համար։
Փաստաբանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, վկայակոչելով ՀՀ օրենսդրությունը, բացատրեց, թե ինչու է ՀՔԾ-ն սխալ հոդվածով մեղադրանքն առաջադրել.
«Նշված հոդվածը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2009-ին, այսինքն՝ այդ քրեական օրենքն ընդունվել է 2008թ. մարտի 1-ից հետո: 2008-2009թթ. գործող ՀՀ սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:
Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի: 2008-2009թթ. գործող ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:
Իսկ գործող Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»։
Ըստ փաստաբանի, մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:
Նկատենք, որ այսօր կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադարձել էր այս մեկնաբանություններին և նշել, որ դրանք ոչ կոմպետենտ հայտարարություններ են։
«Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամնեը փոխվել է հոդվածի համարը», - ասել էր նա։
Նորայր Նորիկյանի համար այս հայտարարությունը առնվազն տարակուսանք է առաջացրել։ «Այս գործը այն գործն է, որի հետ կապված որևէ վրիպում չպետք է թույլ տրվի ու վերջ։ Իմ համար ցավալի է, որ ՀՔԾ պետը նման հայտարարություններ է անում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նորիկյանը։
Քրեական իրավունքի մասնագետի խոսքով, 2008-ին Քրեական օրենսգրքում կատարվել է լրացում, ինչը ենթադրում է, որ նոր հոդված է ավելացել քրեական օրենսգրքում։ Խոսքը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասին է, որով Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։
«Եթե 300 հոդվածում կատարվեր փոփոխություն, ապա ամեն ինչ ճիշտ կլիներ, իսկ եթե օրենսգրքում կատարվել լրացում, այսինքն՝ նոր հոդված է ավելացել, ապա դա իրավիճակը փոխում է, և նշանակում է որ կա այլ հանցակազմ։ Նրանք պարտավոր են վերանայել առաջադրված մեղադրանքը», - նկատեց Նորիկյանը։
Մեղադրանքը, ըստ Նորիկյանի, կարող է առաջադրվել օրինակ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը»։