04/07/2018 20:41
«Հայաստան» հիմնադրամից որևէ կոպեկ չի օգտագործվել, և Արա Վարդանյանի գործողություններում հանցակազմ չկա. Փաստաբան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը չի ընդունում այն կասկածանքը, որի համար ինքը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Արա Վարդանյանի գործողություններում հանցակազմ չկա, և նա չի ընդունում իրավապահ մարմնի հայտնած կասկածանքը, որի համար ինքն այժմ ձերբակալված է», - ասաց Սահակյանը։
Փաստաբանի խոսքով, ստեղծվել է թյուր կարծիք և, ամենայն հավանականությամբ տարածված հաղորդագրությունը չի հասկացվել։
«Միգուցե բովանդակային խնդիր կար և չի հասկացվել, թե ինքը իբր 130 մլն է յուրացվել։ Նման բան ընդհանրապես չկա, ոչ մի կոպեկ հիմնադրամից չի պակասել։ Ոչ թե պակաս է եղել և ինքը լրացրել է, այլ ընդհանրապես որևէ գումար չի պակասել», -ասաց Սահակյանը։
Դիտարկմանը, թե ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է հիմնադրամի վարկային քարտից գումար վերցնելու մասին, Սահակյանը արձագանքեց. «Այո, վարկային քարտի օգտագործման խնդիր եղել է։ Բայց դա հիմնադրամի հավաքագրած գումարների հետ ոչ մի առնչություն չունի։ Առձեռն գումարներ է ունեցել, վարկային քարտով օգտագործել է և հետո այդ գումարը վերադարձրել քարտին։ Դա եղել է անմիջապես և ոչ թե որոշ ժամանակ անց։ Անկանխիկ եղանակով գումար փոխանցելու խնդիր է եղել»։
Նրա խոսքով, Արա Վարդանյանը չի հերքել և նշել է, որ գումարն օգտագործել է, բայց այս պարագայում յուրացման մասին խոսք լինել չի կարող։
Նա հստակեցրեց, որ ԱԱԾ-ն ունեցել է տվյալներ և փորձել է ստուգել՝ հասկանալու՝ արդյոք այդ գումարները որ օգտագործվել են, վերականգնվել են։ «Ես համոզված եմ, որ այս երկու օրերին ԱԱԾ-ն հնարավորություն ունեցել է ստուգել, և քննությունն ընթացքի մեջ է։ Ես լիահույս եմ, որ քննության արդյունքում կպարզեն, որ 130 մլն-ի պակասորդ չի կարող լինել։ Ավելին ասեմ, որ հիմնադրամում անընդհատ աուդիտ է կատարվում և անհնար է, որ այնտեղից գումարներ պակասեն», -ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է խաղադրույքներ կատարելուն, ապա Լուսինե Սահակյանի խոսքով, իր համար դա ընդունելի չէ, սակայն կան մարդիկ, որոնց համար ընդունելի է։ «Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր կյանքը և ինչպես է առաջնորդվելու իր կյանքում։ Դա և գումարների յուրացումն ու հափշտակությունը միանգամայն տարբեր բաներ են», - նկատեց Սահակյանը։