04/07/2018 10:40
2018-ի ամառային զորակոչին զինկոմիսարիատներ է ներկայացել նախկինում չհաշվառված, այդ թվում` արտերկրում գտնվող 300 քաղաքացի, 2017-ին` 345
Հուլիսի 2-ին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ 2018թ. ամառային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատներ է ներկայացել նախկինում հաշվառման չկանգնած, այդ թվում` արտերկրում գտնվող 300 քաղաքացի, որոնցից նվազագույնը 156-ը նախկինում խուսափել է զինվորական ծառայությունից: ԶՈւ ԳՇ պետից լրագրողները հետաքրքրվել էին` արդյոք կան արձագանքներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` զորահավաքային տարիքում գտնվող երիտասարդներին ուղղված կոչին` հայրենիք վերադառնալ ու զինծառայություն անցնել:
Aysor.am-ը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց` այս առումով ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել նախորդ երկու ամառային զորակոչերի ընթացքում:
Այսպիսով` ամառային նախկին (2017թ.) զորակոչի ընթացքում զինկոմիսարիատներ էր ներկայացել նախկինում զինվորական հաշվառման չկանգնած, այդ թվում` արտերկրում գտնվող 345 քաղաքացի և 218 քաղաքացի, որոնք նախկինում խուսափել են զինծառայությունից:
2016թ. ամառային զորակոչի ընթացքում զինվորական հաշվառման չկանգնած ու զինկոմիսարիատներ ներկայացածների թիվը կազմել է 243 քաղաքացի: Այդ զորակոչի ընթացքում զինվորական կոմիսարիատներ է ներկայացել նաև 237 քաղաքացի, որոնք փաստացի նախկինում խուսափում էին զինծառայությունից: