04/07/2018 15:39
Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի վերաբերյալ դեպքի մասին
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այն տարիներին, երբ Հանրապետական կուսակցությունն էր իշխանության ղեկին, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են ՀՀԿ անդամներին։
«Չեմ կարող ասել, որ նման աղմկահարույց բացահայտումներ եղել են, ինչպես այս օրերին, բայց այնուամենայնիվ, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են Հանրապետական կուսակցության անդամներին ևս։ Ուղղակի թերևս դրա մասին բարձրաձայն չի հնչել, բայց մարդիկ կրել են պատիժներ և այլն», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ կա՞ քաղաքական կամք այսօր, թե՞ ոչ։
«Ցավոք սրտի, ընթերցելով որոշ տեքստեր, իմ մոտ, որպես մասնագետ, հարցեր են առաջանում և բացակայում են պատասխանները։ Օրինակ՝ նշում եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի դեպքի մասին։ Ինձ համար պարզ չէ մի հատված այն հաղորդագրությունից, երբ ասում է և իր անձնական գումարները մուտքագրել էր հաշվապահություն՝ վատնումը քողարկելու համար։ Եթե իրականում ամբողջ գումարը վճարել էր իր անձնական գրպանից, ես այստեղ վատնում չէի տեսնի։ Բայց կրկնում եմ՝ որևէ տեղեկատվություն չունեմ և որևէ ձևով հակված չեմ որևէ մեկին արդարացնելու՝ թե՛ հիմա, թե՛ նախկինում», - «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի հետ կապված դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց նախկին պաշտոնյան։
Նշենք, որ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
Ըստ աղբյուրի՝ Արա Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Նշվում էր, որ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: