04/07/2018 14:00
Ալեքսանդր Սարգսյանի որդին դեռ 2007-ին թմրանյութի ազդեցության տակ հրազենով ՀՀ քաղաքացու է կրակել. Դատախազությունը որոշել է նոր հանգամանքների հիման վրա վերաբացել կարճված քրգործը
ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռևս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։
Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։
Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Սակայն ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունից իրավիճակը փոխվել է և բոլորովին վերջերս՝ հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։
Դրանում Սիմոնյանը նշել է, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլև Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։
Նշենք, որ Aysor.am-ի տեղեկություններով, պաշտոնական հաղորդագրության մեջ նշված Հ. Ալ.-ի Սարգսյանը Հայկ Ալեքսանդրի Սարգսյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին։
Ըստ հաղորդագրության, այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղևոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։
Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։
Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին:
Նոր երևան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Քննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: