04/07/2018 12:18
Հաճելի է և շահավետ. Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն
Կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ, գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, ընդ որում, ոչ միայն ծրագրային ապահովման, այլև՝ կոնկրետ արտադրանքի իմաստով», - ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա:
«Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք, այդպիսի հնարավորություն կա», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ արեց գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը:
«Դա և հաճելի է, և շահավետ», - ասաց նա: