05/07/2018 14:33
Ընտրական օրենսգրքի հարցում կոնսենսուսը շատ կարևոր է. Վիգեն Սարգսյան
Այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը երկրորդ նիստն է հրավիրել, որին, սակայն, ներկա չեն Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամները։ Այս հանձնաժողովը, հիշեցնենք, նախագահում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Նիստը վարող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Կառավարությանն առընթեր հանձնաժողովն այսօր զուգահեռ նիստ է անցկացնելու և խորհրդարանական աշխատանքային խմբի հաջորդ նիստին Արարատ Միրզոյանը ներկա կլինի։
Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Վիգեն Սարգսյանի կարծիքով, նույն նպատակով ստեղծված Կառավարությանն առընթեր հանձնաժողովի և խորհրդարանական աշխատանքային խմբի միջև աշխատանքի բաշխումը պետք է ճիշտ կատարվի ու հստակեցվեն խնդիրները։
«Քաղաքական կողմերից կազմված հանձնաժողովը պետք է պատրաստի նախագիծ քաղաքական պատվերի հիման վրա, եթե ցանկանում է ունենալ կոնսենսուսային փաստաթուղթ։ Եթե կառավարությունը համարում է, որ ունի բավականաչափ ռեսուրս, հնարավորություն իր նախագիծը բերելու ԱԺ և անցկացնելու այն՝ ընդունեք կամ թողեք սկզբունքով, կարծում եմ դա այլ մոտեցում է, որը կարող է արդյունք տալ՝ բայց ոչ քաղաքական կոնսենսուսի արդյունք», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նախկին պաշտոնյան նկատեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում կարևոր է կոնսենսուսի գաղափարը ու հավելեց. «Ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որ մեծամասնություն, փոքրամասնություն խնդիրը պետք է երկրորդ պլան անցնի, և մենք ժամանակին ցուցաբերել ենք այդ քաղաքական կամքը և չնայած մենք մեծամասնություն էինք, բայց ապահովեցինք այնպիսի փաստաթուղթ, որը բոլորի համար ընդունելի էր։ Կոնսենսուսը շատ կարևոր է, և այդ առումով քվեների թիվը այդքան կարևոր չէ, ինչքան բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունն առաջարկվող նախագծի շուրջ»։
Նշենք, որ ԱԺ աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցություններից երեքական ներկայացուցիչներ։