05/07/2018 12:00
Ոստիկանության ներքին զորքերն իրականացնում են այլ խնդիրներ. Տիգրան Բալայանի պատասխանն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին
Ինչպես երևում է, Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացրել է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
«ՀՀ ոստիկանության ներքին զորքերը, որքան էլ դրանք հանդիսանում են զինված ուժերի բաղկացուցիչ մաս, ունեն այլ գործառույթներ և իրականացնում են այլ խնդիրներ։ Միաժամանակ նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը ունի անհրաժեշտ մարտունակություն, որպեսզի կանխի Արցախի բնակչության նկատմամբ իրականացվելիք ցանկացած արկածախնդրություն», - նշեց Տ. Բալայանը։
Հիշեցնենք, «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գործադիր իշխանությունը նման որոշում է կայացնելու և ոստիկանության ներքին զորքերը կծառայեն սահմանին:
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, որ Արցախում Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի տեղակայումը ռազմական արկածախնդրություն է և կվատթարացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը: