06/07/2018 11:32
Արա Վարդանյանն այսօր եկել է աշխատանքի, և հիմնադրամի գործունեությունը շարունակվում է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանն ազատ արձակվելուց հետո այսօր եկել է աշխատանքի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը։
«Հիմնադրամը շարունակում է անխափան աշխատել, ստանում է նվիրատվություններ, բոլոր ծրագրերը նախատեսված կարգով ընթանում են», - տեղեկացրեց խոսնակը։
Նրա խոսքով՝ Արցախի Թաղասեր գյուղում համայնքային կենտրոնի բացում է տեղի ունեցել, իսկ հուլիսի 14-16-ին դարձյալ Արցախում կայանալու են տների, համայնքային կենտրոնի բացում։
«Աշխատանքային գործընթացում որևէ բան չի փոխվել։ Հիմնադրամից չկա և չի եղել որևէ լումայի պակասորդ», - մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արա Վարդանյանին, որը ձերբակալվել էր հուլիսի 2-ին։ Արա Վարդանյանը ԱԱԾ-ի կողմից կասկածվում էր յուրացումներ կատարելու մեջ։
Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Վարդանյանը չի ընդունում իրավապահ մարմնի կասկածանքները և պնդել, որ որևէ յուրացում չի կատարվել հիմնադրամից։
«Արա Վարդանյանի գործողություններում հանցակազմ չկա, և նա չի ընդունում իրավապահ մարմնի հայտնած կասկածանքը, որի համար ինքն այժմ ձերբակալված է», - մեզ հետ զրույցում ասել էր փաստաբանը։