06/07/2018 15:34
Կանադան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Կանադայի Համայնքների պալատի նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Քվեբեկ այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ձևավորվել են ամուր բարեկամական կապեր: Անդրադառնալով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացմանը՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարն այս հարցում կարևորել է պատգամավորական բարեկամական խմբերի դերը և փոխայցերի ակտիվացումը: Արա Բաբլոյանի խոսքով՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը և Կանադան համագործակցում են երկկողմ ու բազմակողմ բնագավառներում:
Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների համագործակցությանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում. Համայնքների պալատը դեռևս 2004 թ. ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ 2015թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության և այլ ցեղասպանությունների ճանաչումը վերահաստատող, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձև:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կանադայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշումը:
Արա Բաբլոյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական արժեքներ դավանող պետություն է և մշտապես քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ:
Քննարկվել են Կանադայի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը, կանադահայ համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ Կանադայում բնակվող շուրջ 90 հազար հայերը զգալի ներդրում ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում և ակտիվ ներգրավված են Կանադայի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Կանադայի Համայնքների պալատի նախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխգործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված: Նա փաստել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը Ջեֆ Ռիգանին հրավիրել է Հայաստան:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաև Քվեբեկի Ազգային ժողովի և ՖԽՎ նախագահ Ժակ Շանյոնի հետ:
Հանդիպումներին ներկա է եղել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: