06/07/2018 11:37
Առանց հիմքերի չեմ կարող պատասխանել այս հարցերին. Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման վտանգների մասին
Ես հույս ունեմ, որ ներկաներից որևէ մեկը որևէ կասկած չունի, որ մենք և կոնկրետ ես, այս հարցում չունեմ ոչ մի այլ շահագրգռվածություն ու նպատակադրում՝ բացի ՀՀ հավասարակշռված շահը, Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ ներկաների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ամուլսարի հանքի շահագործումից:
Անդրադառնալով հանքի շահագործման դեմ բողոքներին՝ Փաշինյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե որքանով է արդարացված բողոքը:
«Գուցե որպես անհատ ամեն ծառն ինձ համար ավելի թանկ է, բայց վարչապետի կարգավիճակում ես պարտավոր եմ լինել հավասարակշռված և հակակշռված, ես չեմ կարող շահերի միայն մի խումբ հաշվի առնել», - նշեց նա:
Խոսելով Ամուլսար այցի, բնապահպանների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին՝ Փաշինյանը նշեց, որ ինքը հստակեցրել է՝ հանքի շահագործման համար երկու հիմնական հարցի պատասխան պետք է գտնել՝ արդյոք հանքի շահագործումը նեգատիվ ազդեցություն է ունենալու ջրահավաք ավազանի վրա և աղտոտելու է ջրերը և արդյոք այն նեգատիվ ազդեցություն է ունենալու Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային կենտրոնի վրա:
«Որպես ՀՀ վարչապետի՝ իմ կարծիքը այս երկու հարցերի պատասխանների վերաբերյալ պետք է հիմնվի փաստերի վրա: Ամեն պոզիտիվ և նեգատիվ որոշում ունի իր գինը, և ես առանց հիմքերի չեմ կարող պատասխաննել այս հարցերին», - նշեց նա:
Փաշինյանը չհամաձայնեց ներկաների այն պնդման հետ, որ ամեն դեպքում հանքի շահագործումը չի լինելու անվտանգ՝ առաջարկելով այս հարցի պատասխանը գտնել միասնական աշխատանքի արդյունքում:
«Եթե պարզվի, որ շահագործումն այդ նեգատիվ ազդեցությունը չունի՝ ի՞նչ հիմքով ենք պայքարելու այդ շահագործման դեմ, ուղղակի որ չենք ուզո՞ւմ շահագործվի և վերջ: Ես առաջարկում եմ ստեղծել մեխանզիմ այս հարցերի համատեղ պատասխանները գտնելու համար, որովհետև ձեր գտած պատասխանը միայն ձեր գտած պատասխանն է, Լիդիանինն իր գտածն է, կառավարության պատասխանը՝ կառավարության գտածը: Մեզ պետք է գտնել մի պատասխան, որը բոլորիս համար փաստարկված լինի», - նշեց վարչապետը: