06/07/2018 14:31
«Արմենիա» փառատոնը Հայաստանում առաջին անգամ ներկայացրեց Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան
Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգները մեկնարկում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Հուլիսի 5-ի համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Էդգար Հովհաննիսյանի Ադաջոն «Մարմար» բալետից, ապա՝ Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան։
Հայտնի կոմպոզիտոր Այրատ Իչմուրատովը երաժշտության միջոցով անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին՝ օգտագործելով հայկական մեղեդիներ: Վերջինս Հայաստանում կատարվում էր առաջին անգամ:
Երեկոյի ընթացքում 2018թ. Մալթայի դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Աննա Ուլաիևան նվագախմբի հետ կատարեց Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ալան Չիրքոփը։ Դաշնակահարուհի Աննա Ուլաիևան իր երիտասարդ տարիքում մեծ նվաճումների է հասել. մալթայի դաշնակատարների միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 74 երկրի 728 երաժիշտներ, ռուսական փոքրիկ գյուղում ծնված, այնուհետև Ուկրաինա տեղափոխված, այժմ Ավստրիայում բնակվող Աննա Ուլաիևան դարձել է առաջին մրցանակակիր՝ ստանալով երաժշտական մրցույթների պատմության մեջ թերևս ամենամեծ պարգևավճարը՝ 100 հազար եվրո։ Ուլաիևան նշում է, որ մալթյան մրցույթի ժամանակ արդեն իսկ համագործակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այն ժամանակ նույնպես միասին ներկայացրել են Ռախմանինովի ստեղծագործություններից։ Դաշնակահարուհին խոստովանում է, որ սիրում է Ռախմանինովի արվեստը։ Նրան հոգեհարազատ են նաև Բրամսը, Շոպենը, Չայկովսկին, շատ է կատարում նաև ժամանակակից կոմպոզիտորների գործեր։
«Որպես Մալթայի մրցույթի հաղթող հրավեր ստացա ելութ ունենալ Երևանում այս գեղեցիկ փառատոնի շրջանակներում, այդ ժամանակ էլ առաջին անգամ լսեցի «Արմենիա» փառատոնի մասին։ Հրաշալի տպավորություններ ունեմ Հայաստանից։ Այստեղ առաջին անգամ եմ։ Եղել եմ որոշ տեսարժան վայրերում։ Ինձ ուղղակի ցնցել են հայկական եկեղեցիները»,- համերգից առաջ նշել է նա:
Հայկական երաժշտական արվեստին Աննա Ուլաիևան ծանոթ է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների միջոցով։ Հայ հանդիսատեսը մեծ սիրով ընդունեց նաև դիրիժոր Ալան Չիրքոփին։ Համերգի ընթացքում մալթացի հանրահայտ դիրիժորը բացահայտեց նվագախմբի բոլոր հնարավոր նրբերանգները, ամբողջ հզորությունն ու ուժը։
Այսօր «Արմենիա» միջազգային փառատոնի եզրափակիչ համերգն է։ Հանդես կգան դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան և ջութակահար Կարեն Շահգալդյանը։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։