09/07/2018 13:27
Ամեն ինչում կա չափ. Փաշինյանի որդու բանակ զորակոչվելուն ուղղված ուշադրությունը զայրացրել է Դավիթ Տոնոյանին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ պետք չէր լրագրողների կողմից այսքան մեծ ուշադրություն հատկացվեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու բանակ զորակոչվելուն։
«Հազարավոր երեխեք են այստեղ, ինչի՞ համար է այսքան ուշադրություն մեկ անձի նկատմամբ», - ասաց նա։
Դիտարկմանը՝ ամեն տարի չէ, որ վարչապետի որդու են ճանապարհում բանակ, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Շատ լավ է, շատ գովելի է, բայց այդքան ուշադրության կենտրոնում պահելը ճիշտ չէ, ամեն ինչում կա չափ»։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իր ղեկավարման օրոք պաշտոնյաների տղաները չեն խուսափի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը նշեց. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի»։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ մի քանի օր հետո էլ իր որդին է զորակոչվելու բանակ։
Պաշտպանության նախարարը նշեց, որ այսպիսի ուշադրություն իր որդու նկատմամբ չի լինելու։ «Ես դա թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու», - ասաց նա։