10/07/2018 16:42
Զինծառայության ընթացքում հայր, մայր, քույր կամ եղբայր կորցրած ընտանիքների միակ արու զավակները բանակ չեն զորակոչվի
Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի «Զինապարտության մասին» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում պաշտպանության նախարարության առաջարկած փոփոխությունները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Առաջին փոփոխությամբ մենք առաջարկել ենք` եթե ընտանիքում կա զինծառայության ընթացքում զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, ապա այդ ընտանիքի միակ արու զավակը պետք է ազատվի զինվորական ծառայությունից: Գործող օրենսդրությամբ նման ընտանիքներից արու զավակը զորակոչվում էր, սակայն ծառայության ընթացքում չէր իրականացնում մարտական հերթապահություն», - ասաց Գաբրիել Բալայանը:
Նա ընդգծեց` եթե նման կարգավիճակ ունեցող ընտանիքներում կա մեկից ավելի արու զավակ, ապա նրանք զինծառայությունից չեն ազատվում:
«Այս դեպքում նրանք զինապարտ են, սակայն ծառայում են առանց մարտական հերթապահության իրականացման», - բացատրեց Գ. Բալայանը:
Առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է կրթության իրավունքին: Բալայանի խոսքով, այն հիմնականում առնչվում է արտերկրից Հայաստան վերադարձող զորակոչիկներին:
«Այս զորակոչին մենք ունենք ընդամնեը 11 նման զորակոչիկ, նրանցից 10-ը Ռուսաստանից Հայաստան վերադարձած ընտանիքների քաղաքացիներ են: Օրինակ` Ռուսաստանում հանրակրթությունը 11 տարի է, Հայաստանում` 12, այնպես էր ստացվում, որ երիտասարդները Հայաստան էին գալիս 18 տարին լրացած, բայց մի դասարան ցածր էին նստում ու դպրոցն ավարտում էին, երբ արդեն լրանում էր նրանց 19 տարեկանը: Հիմա նախատեսվում է նրանց տարկետում տրամադրել, որպեսզի հանրակրթական ծրագիրը կիսատ չմնա», - ասաց փոխնախարարը:
Երրորդ փոփոխությունն առաջարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ու դրական արձագանք ստացել նաև ՊՆ-ից: Այն ևս վերաբերում է կրթությանը:
«Առաջարկվել է փոփոխություն, որով մարզային և Երևանի հանձնաժողովները կկարողանային եզրակացություն տալ 2018-19թթ. ուսումնական տարվա ընթացքում այն ուսանողների համար, որոնք ընդունվել են բուհ տարկետման իրավունքով, սակայն, հաշվի առնելով, որ նրանց 18 տարեկանը դեռ չէր լրացել, չի եղել նրանց տարկետումը ձևակերպելու հնարավորություն: Հիմա այդ փոփոխությամբ նախատեսվում է տարկետումը ձևակերպելու հնարավորությունը», - ասաց Գաբրիել Բալայանը: