10/07/2018 14:13
Հարկային ոլորտում պետք է գնալ «դուխով փոփոխությունների». Վարչապետ
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորների՝ եկամտահարկի դրույքաչափերը մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, իսկ 500 հազարից ավելիի դեպքում 25 տոկոս նվազեցնելու նախագծին:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթի շրջանակներում:
«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ ուղղակի հարկերի դրույքաչափերը վերանայելու եղանակով հնարավորություն ստեղծվի, որ այդ միջոցներն ուղղվեն տնտեսության զարգացմանը: Պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, քանի որ դրա արդյունքում տեղի է ունենալու հարկային մուտքերի որոշակի նվազում», - ասաց նա:
Ա. Ջանջուղազյանի խոսքով՝ մոտավորապես, դա կազմում է 45-47 միլիարդ դրամ:
«Այսպիսի փոփոխությունը պետք է ուղեկցվի այդ միջոցների փոխհատուցման որևէ ծրագրով: Տպավորություն կար, որ դա հնարավոր է իրականացնել վարչարարության միջոցով, բայց միայն դրանով խնդիրը չի կարող լուծվել», - նշեց նախարրաը:
Նա ընդգծեց՝ առաջարկում է հեղինակներին ձեռնպահ մնալ այս փոփոխությունից:
«Բայց մենք օրակարգում ենք պահում խնդիրը», - ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով փոփոխությունների»:
«Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որպեսզի ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք ու ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն Ազգային ժողով ներկայացնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին: