10/07/2018 13:12
Եվս մեկ համերգ Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի շրջանակներում
2017 թվականի հունիսին մեկնարկած Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է համախմբում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողների: Մեկնարկից ի վեր փառատոնը հասցրել է հյուրընկալել շուրջ 40 երաժիշտների՝ ավելի քան 15 երկրներից:
Հայաստանն աշխարհում այն բացառիկ երկրներից է, որտեղ անց է կացվում բացառապես փողային գործիքների փառատոն, այդ իսկ պատճառով մեծ է հետաքրքրությունը, ինչպես երաժիշտներն են նշում, փառատոնի և մասնավորապես Հայաստանի հանդեպ: Հատկանշական է այն փաստը, որ փառատոնը կրում է հենց Ալեքսանդր Հարությունյանի անունը, որի համաշխարհային համբավը խթանում է փառատոնի ճանաչմանը արտերկրում:
Փառատոնի նպատակն է աշխարհի տարբեր դպրոցների փորձը մեկտեղել և ստեղծել փորձի փոխանակման մեծ հարթակ: Կարևոր է նաև նշել, որ փառատոնի շնորհիվ աշխարհին առավել ճանաչելի է դառնում հայկական մշակութը:
Փառատոնը չի սահմանափակվում Երևանյան համերգասրահներով և նպատակ է հետապնդում համերգային ծրագրերում ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերը և Արցախը: Դրա վկայությունն էր հունիսի 13-ին Բյուրական արվեստի ակադեմիայում կայացած համերգը: Ինչպես նաև ծրագրվում են համերգներ արտերկրում:
Առանձնահատկություններից է նաև համերգների ընթացքում հնչող համաշխարհային պրեմիերաները, որով ծնունդ են առնում աշխարհահռչակ երաժիշտների անհայտ գործերը:
Այս տարի կայացած փառատոնի երկրորդ եթերաշրջանի շրջանակներում հուլիսի 15-ին տեղի կունենա ևս մեկ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում: Շվեյցարական Ալտշետեն փողային նվագախմբի և աշխարհահռչակ իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյի կատարմամբ կհնչեն Ալ. Հարությունյանի Շեփորի կոնցերտը, Օ. Վաեսպիի Դիվերտիմենտոն, Ա. Շոուի Կլարնետի կոնցերտը և այլն:
Համերգի նախօրեին նվագախմբի 70 երաժիշտների նվագակցությամբ կանցկացվի քայլերթ դեպի Արամ Խաչատրյան համերգասրահ, որի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից՝ ժամը 18:15-ին: