11/07/2018 15:15
Հայաստանը կառուցում է իր հարաբերությունները հարևան պետությունների հետ՝ ելնելով սեփական շահերից. Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)
ՀՀ արտաքին քաղաքականության առանջահերթությունը պրոհայկական է, ու Հայաստանը կառուցում է իր հարաբերությունները հարևան պետությունների, ուժային կենտրոնների հետ՝ ելնելով սեփական շահերից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը չի գնում Ռուսաստանի կամ Եվրոպայի ուղղությամբ։
«Հայաստանը որևէ տեղ չի գնում, գտնվում է իր տեղում, այլ բան է, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուղղություններով, այդ թվում՝ նաև Եվրոպայի հետ։ Դրա վկայությունն է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը», - նշեց նա։
Դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո սպասվում էր, որ ՀՀ-ի հետ մի շարք եվրոպական երկրներ ավելի սերտ համագործակցություն կսկեն, Շ. Քոչարյանն ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցության բոլոր պետությունների հետ.
«Պատահական չէ, որ վարչապետի առաջին այցը եղել է Վրաստան։ Մեզ համար շատ կարևոր է էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Վերջերս հայտարարվեց, որ վարչապետը հրավիրված է Իրան, հստակեցվում են դրա ժամկետները։ Պատահական չէ, որ առաջին այցերից մեկը եղել է ՌԴ։ Ճիշտ է՝ դա բազմակողմ ֆորմատ էր, բայց եղել են հանդիպումներ», - նկատեց նա։
Դիտարկմանը՝ արդյոք հեղափոխությունից հետո ՀՀ նկատմամբ ուշադրությունն ավելացել է, Շ. Քոչարյանն ասաց.
«Ընդհանուր առմամբ Հայաստանի նկատմամբ ուշադրությունն ավելացել է բոլոր ուղղություններով, եթե դուք դատեք մամուլով, դա վերաբերում է և՛ Եվրոպային, և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին»։