11/07/2018 09:53
«Ժողովուրդ». Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքը տեղափոխվել է Սոչի
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է:
«Ավելին` հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Մ.Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, և ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ` մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով: Սա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել», - գրում է թերթը: