12/07/2018 19:01
Բաքվի հանձնառությունը ԼՂ հարցում խաղաղության գործընթացին լուրջ կասկածի տակ է դրվում. Փաշինյան
Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:
«Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ: Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին», - նշել է նա:
Ն.Փաշինյանը վերահաստատել է ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը: