12/07/2018 15:33
Սթափության կոչ ենք անում Արսեն Թորոսյանին. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմը արշավ է սկսել Change.org կայքում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմը Change.org կայքում ստորագրահավաք – արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով:
Նրանք տարածել են հայտարարություն, որում ասված է. «Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ:
Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»: