12/07/2018 11:37
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ուժային լուծում. Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը. դեսպան
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ ցանկալի ու սպասված էր բանակցային գործընթացի այս ժամանակահատվածի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Երեկ Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, և այն շատ ցանկալի ու սպասված էր բանակցային գործընթացի այս ժամանակացույցում: Այստեղ ևս Ֆրանսիան հավատարիմ է իր որդեգրած դիրքորոշմանը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ուժային լուծում», - ասաց Ժոնաթան Լաքոտը:
Նա ընդգծեց` միայն խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր լուծում առաջարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
«Այս դիրքորոշումը վերահաստատեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները մեծ դրական արձագանքով են ընդունում ցանկացած հայտարարություն հայկական իշխանություններից առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն ու միայն խաղաղ ճանապարհով», - ասաց դեսպանը: