12/07/2018 12:24
Թող հաղթի լավագույնը, միայն թե չլինեն չարաբաստիկ 11 մետրանոցները. Ֆրանսիայի դեսպանը երկրպագուներին հրավիրեց հայկական գարեջրով միասին դիտել ԱԱ-2018-ի եզրափակիչը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆուտբոլի երկրպագուներին հրավիրեց Աշխարհի առաջաջնության եզրափակիչ` Ֆրանսիա-Խորվաթիա խաղը միասին դիտելու, այս մասին նա ասաց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը.
«Առաջին լավ լուրն այն է, որ խուսափեցինք Ֆրանսիա-Անգլիա հանդիպումից, որովհետև դա հին կռիվ է: Բայց, այդուհանդերձ, միշտ էլ վտանգավոր է հանդիպել մի թիմի, որն արդեն իսկ անակնկալներ մատուցել է: Չմոռանանք, որ 1998թ.-ին մինչ եզրափակչում Ֆրանսիան կհաղթեր Բրազիլիային, դրան նախորդել էր Խորվաթիայի հավաքականի հետ շատ ծանր հանդիպումը», - ասաց Ֆրանսիայի դեսպանը:
Նա նշեց` «քանի որ Անգլիան արդեն դուրս մնաց պայքարից, կարելի է հավաքվել Երևանի Անգլիական այգում ու միասին դիտել եզրափակիչը»:
«Ձեզ բոլորիդ հրավիրում եմ կիրակի օրը երեկոյան Անգլիական զբոսայգի, որտեղ կկարողանանք եզրափակչը դիտել մեծ էկրանին, հայկական գարեջրով և ևս մեկ անգամ հնարավորություն կունենանք միասին երգել Մարսելյեզը», - ասաց Ժ. Լաքոթն, իսկ անդրադառնալով հաղթողի մասին հարցին՝ նշեց.
«Թող հաղթի արժանին ու լավագույնը, միայն թե չլինեն չարաբաստիկ 11 մետրանոցները»: