13/07/2018 12:10
Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է Երվանդ Խունդկարյանը
Բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, հուլիսի 12-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրություն է անցկացրել, Aysor.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, քվերակության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:
Միաժամանակ անցկացվել են նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություններ։ Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:
Նշվում է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չեն հավաքել անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցել են առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:
Արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Դանիելյան Ելիզավետա – 5
Թադևոսյան Լիլիթ – 5
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասով, անցկացրել է նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ է ընտրվել Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով:
Նշենք, որ Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը դեռ հունիսի 5-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։