13/07/2018 08:28
Առողջապահության նախարարը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ գտնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու Սերժ Սարգսյանի խնամուն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, և այդ պաշտոնում նշանակելու է իր ընկերոջը: Թերթը հիշեցրել է, որ նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում հիվանդանոցում, և Թորոսյանը հայտնաբերված չարաշահումների մասին խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:
Թերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նախարարը այս հարցում վճռական է տրամադրված և աուդիտ իրականացնող ընկերությանը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել հիվանդանոցում, քանի որ ինքը տնօրենի իր թեկնածուն ունի:
Թերթը նաև հիշեցրել է, որ երեկ բուժհիմարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը:
«Ժողովուրդ»-ը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին։ Իսկ ԱՆ-ից փոխանցել են հետևյալը.«Բազմաշերտ ուսումնասիրություն է արվում, քանի որ այն առողջապահության նախարարության ենթակայության կառույց է։ Ստուգվում է հատկապես պետպատվերով տրամադրված ծախսերի արդյունավետությունը։ Արդեն իսկ խախտումներ հայտնաբերվել են»։ Հարցին,թե նախարարն իր թեկնածուն ունի, մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի: