13/07/2018 13:01
Արմեն Գրիգորյանն Արցախում ներկայացրել է մոսկովյան իր վերջին այցի շրջանակներում ունեցած հանդիպումները
Հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը նշել է, որ այս ձևաչափով առաջին անգամ են հանդիպում և հույս հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ շփումները շարունակական կլինեն։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկություններ է ներկայացրել մոսկովյան իր վերջին այցի շրջանակներում ունեցած հանդիպումների վերաբերյալ, անդրադարձել ընդհանուր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներին։
Այնուհետև կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, սահմանին տիրող իրավիճակի, անվտանգության բնագավառում արտաքին և ներքին մարտահրավերների հետ կապված հարցերի լայն շրջանակ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։