15/07/2018 14:13
Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանը, հավանաբար, մոլորվել է և գերեվարվել. Բերդավանի գյուղապետ
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984թ. ծնված) որևէ կապ չունի զինծառայության հետ, Aysor.am-ին ասաց Բեդավան համայնքի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:
«Նրա զինծառայող, այն էլ դիվերսանտ լինելու հայտարարությունները նույնիսկ քննարկելու չեն: Կարենը ուներ առողջական խնդիրներ, հավանաբար, մոլորվելու հետևանքով էլ հատել է սահմանը», - ասաց Սմբատ Մուղդուսյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Կարենը գյուղում բնակվում է ծնողների հետ:
«Նրանց տունը սահմանին շատ մոտ է՝ գյուղի ծայրի տներից: Կարելի է ասել` ադրբեջանական գյուղին ավելի մոտ է, քան հայկական հարևան գյուղին: Ամենայն հավանականությամբ մոլորվել է», - նշեց համայնքի ղեկավարը:
Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:
«Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կիրակի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ կանխել են ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձը։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմից կան կորուստներ, իսկ 1984 թ. ծնված զինծառայող Կարեն Ղազարյանը գերեվարվել է։
Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։
«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ», - հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։