16/07/2018 22:41
Կարպիս Փաշոյանը լավ լուր ունի. նա հրաժարական է տվել առաջին փոխվարչապետի խոսնակի պաշտոնից
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարել է հրաժարականի մասին։
«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:
Բարին ընդ ձեզ», - գրել է Կ.Փաշոյանը Facebook-ի իր էջում։
Կ.Փաշոյանը CivilNet-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում պատերին ապրիլյանի հերոսների նկարներին, պատասխանել է. «Փողոցային արվեստն էն ա, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երևանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում։ Մյուս կողմից էլ, ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում։ Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել, շահարկել: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ի՞նչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժի: 18 տարեկան տղա է, ինձ թվում է՝ չարժե նրա անունն այդքան շահարկել»։