16/07/2018 12:03
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չկայացավ
Երևանի ավագանու նիստը, որը հրավիրվել էր քաղաքապետի արտահերթ ընտրության հարցով, չկայացավ։
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 30 րոպե ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում, հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում, նիստը համարվում է չկայացած։
«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած», - հայտարարեց Կամո Արեյանը։
Երևանի ավագանու նիստին ՀՀԿ-ն ու «Ելք»-ն այդպես էլ չներկայացան։
«Ես շնորհավորում եմ բոլորիս, որ մենք վերջապես կարողացանք դուրս շպրտել ՀՀԿ-ին ավագանու դահլիճից», - լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի միակ թեկնածու, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ավագանու դահլիճը, որպես ինստիտուտ, այլևս չպետք է ընդգրկի ՀՀԿ ներկայացուցիչներին։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու 3 խմբակցություններից ՀՀԿ-ն և «Ելքը» հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու քաղաքապետի ընտրություններին և չեն մասնակցելու ավագանու նիստին։
Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կամո Արեյանն է։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները:
Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ապա ավագանին լուծարվում է և անցկացվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։