16/07/2018 11:13
Կարմիր խաչը կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին տեսակցելու ուղղությամբ
Հուլիսի 15-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է վարում ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ:
Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության մամուլի քարտուղար Գոհար Տեր-Հակոբյանը:
«Կոնֆիդենցիալ երկխոսություն է տարվում նաև Կարեն Ղազարյանին այցելելու և նրա պահման պայմաններին ծանոթանալու վերաբերյալ», - ասաց Գոհար Տեր-Հակոբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 15-ին ադրբեջանական կողմը հայտնել էր, որ կիրակի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ կանխել են ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձը։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմից կան կորուստներ, իսկ 1984 թ. ծնված զինծառայող Կարեն Ղազարյանը գերեվարվել է։
Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում ՀՀ Զինված ուժերում։
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։
Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ», - հայտարարել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։