17/07/2018 09:54
«168 Ժամ». «Հեղափոխությունը երկիրը ժողովրդական չի դարձնում»
«Ակնկալել, որ ԵՄ-ն Հայաստանին իր «գիրկը կառնի» միայն նրա համար, որ այստեղ իշխանություն է փոխվել, միամտություն է: Մենք դա արդեն անցել ենք: Դրանից հետո երկար ժամանակ Վրաստանը ստիպված եղավ մինչև հիմա ապացուցել իր եվրոպական կուրսը, մինչև հիմա Վրաստանը մի շարք այլ համաձայնագրեր ունի ԵՄ-ի հետ, բայց դա երկար գործընթաց է: Ասել, որ ԵՄ-ն երազում է Հայաստանին, Վրաստանին կամ որևէ այլ երկրի տեսնել իր կազմում կամ իր գործընկերոջ կարգավիճակում, սխալ կլինի: ԵՄ-ին պետք չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը: Մե՛զ է անհրաժեշտ ԵՄ-ն, մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք իրենց չափանիշներին», - «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով ԵՄ քաղաքականության վերաբերյալ ՀՀ իշխանությունների ակնկալիքներին:
Նրա խոսքով՝ հեղափոխությունը երկիրը ժողովրդական չի դարձնում:
«Ժողովրդավարական երկրներն անցկացնում են ժողովրդավարական ընտրություններ և կայացնում են ժողովրդավարական ինստիտուտներ: Դեռ դա չի եղել», - ասել է նա:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն իր հերթին ասել է, որ եթե ՀՀ իշխանությունների ակնարկի հիմքում գտնվում են Ուկրաինան կամ Վրաստանը, ապա եկեք չմոռանանք, որ այդ երկրների իշխանությունները հայտարարել են, որ իրենք ցանկանում են լինել եվրոպական ընտանիքի անդամ, որը ենթադրում է բարեփոխումների այնպիսի ծավալ, որը թանկ արժե և ԵՄ-ն այս դեպքում իր խոստմանը համաձայն այդ թանկարժեք բարեփոխումներին օգնել է:
«ՀՀ-ն նման նպատակ չի դնում, ավելին Նիկոլ Փաշինյանն իր մեկ այլ հայտարարությամբ ասում է, որ ժողովրդավարությունը չպետք է շփոթել արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, այսինքն` մենք չենք դնում այնպիսի նպատակ, ինչ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդավան: Ուստի ԵՄ-ին մեղադրել, որ չի տալիս ավելին, ճիշտ չէ», - ասել է նա»: