17/07/2018 16:37
«Շիրակ»-ը կրկին հանդես կգա ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում
Հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, հայտնում են ՀՖՖ-ից։
Օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելուն: Նշված անհրաժեշտությունը առաջացել է օրենսդրական փոփոխությունների հետևանքով, համաձայն որի ՀՖՖ-ն, որպես իրավաբանական անձանց միություն պետք է մինչև 2019թ-ի փետրվար ամիսը վերակազմակերպվի Հասարակական Կազմակերպության:
ՀՖՖ վերակազմակերպման գործընթացը կուղեկցվի ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությամբ: Գործադիր Կոմիտեի անդամները տեղեկացվեցին նաև, որ ՀՖՖ-ն, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հետ համատեղ մշակում է ՀՖՖ նոր կանոնադրության նախագիծ, որը պետք է ներկայացվի ՀՖՖ առաջիկա արտահերթ ժողովի հաստատմանը: Նոր կանոնադրության նախագծում հաշվի կառնվեն ինչպես ներպետական օրենսդրության փոփոխությունները, այնպես էլ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից ազգային ասոցիացիաների կանոնադրություններին ներկայացվող պարտադիր պահանջներում տեղ գտած փոփոխությունները: Գործադիր կոմիտեն որոշեց որպես արտահերթ ժողովի անցկացման նախնական ժամանակաշրջան սահմանել 2018թ-ի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը:
Օրակարգային հարցերի թվում Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները և 2018-2019թթ. մրցաշրջանի ֆուտբոլի մանկապատանեկան և մանկական մրցումների անցկացման կանոնանակարգերը:
Օրակարգային հարցերից էր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից հուլիսի 16-ին ներկայացված դիմումի քննարկումը, որով ակումբը ՀՖՖ-ին ներկայացրել է՝ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-2019թ.-ի մրցաշրջանին մասնակցելու վերաբերյալ Հավաստագիրը: Հավաստագրի ուշ ներկայացումը ակումբը բացատրել է առաջին թիմի ռազմավարական ուղղության հստակեցման հետ:
Գործադիր կոմիտեն քննարկելով ներկայացված դիմումը, հաշվի առնելով ակումբի երկրպագուների և ֆուտբոլասերների շահերը, մարզում ֆուտբոլի զարգացման ընդհանուր քաղաքականությունը՝ որոշեց բավարարել դիմումը և թույլատրել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին հանդես գալ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում:
Բարձրագույն խմբի առաջնությանը «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի մասնակցությունը թույլ տալու հետևանքով կանոնակարգի նախագծում և խաղացանկում առաջացած անհրաժեշտ նոր փոփոխություններ կատարելու անհրաժետությամբ՝ ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2018-2019թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգի և խաղացանկի հաստատման օրակարգային հարցի քննարկումը հետաձգվեց երկու օրով: