17/07/2018 17:35
ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է երեք լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, պատասխանել հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող հարցերին, ինչպես նաև զրուցել այլ թեմաների շուրջ:
Ռուբեն Հայրապետյանը զրույցի սկզբում մասնավորապես անդրադարձել է խոսակցություններին` համաձայն որոնց՝ ինքը հարժարական է տալու: Football365.am-ը ներկայացնում է հանդիպման մանրամասները։
- Հենց սկզբից նշեմ, որ հրաժարական չեմ տալիս: Մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
- Խոսվում է, որ Ձեզ կարող է փոխարինել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
- Առաջին օրվանից, ինչ ֆեդերացիայի նախագահ եմ նշել եմ, որ պայքարելում եմ պայմանավորված խաղերի դեմ: Ցավոք, վերջին երկու տարում այդ աղբը մտավ մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունն է դա: Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ապա իմ կարծիքով դա լավագույն լուծումը կլինի: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնց պետք է արագ լուծում տրվի, հակառակ պարագայում, շատ հարցեր մնում են: Հիմա նման խնդիրների առաջ ենք կանգնած: Լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է: նրա ղեկավարությամբ պայմանավորված խաղերը կբացառվեն:
- Ակումբները հայտարարություններ են տարածում Ձեր և ֆեդերացիայի դեմ:
- Այո, ակումբների վայ-ղեկավարներն իմ դեմ վայնասուն են բարձրացրել: Սա միշտ եղել է: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ, մինդեռ նրանց կողմից նշված հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» բռնվել է կոռուպցիայի մեջ: Նայեք «Փյունիկի» ղեկավարի և նրա կողքը կանգնած մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համեմատեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Ամեն դեպքում նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Կարծում եմ` այո, ինքս էլ պետք է գնամ:
- Գաղտնիք չէ, որ Օլեգ Մկրտչյանի հետ ունեք լավ հարաբերություններ: Տարօրինակ է «Բանանցի» պահվածքը. ինչ պատահեց և ինչո՞ւ հենց հիմա:
- Օլեգ Մկրտչյանն իմ ընկերն է: Նա հիմա անազատության մեջ է, իսկ մարդիկ օգտվում են առիթից: Չգիտեմ, նա այժմ զբաղվում է ֆինանսավորմամբ, թե ոչ:
- Արթուր Սողոմոնյանը «Փյունիկը» վերցնելու համար գումար տվե՞լ է:
- 1 ցենտ, 1 լումա անգամ չի վճարել: Ավելին, ասել է ավտոբուսի համար, դա էլ ենք նվիրել, դա մեր սեփականությունն է եղել: Մեկ տարուց ավելի մնացել են բազայում, ասել է գնելու է, հետո փոշմանել է: Կես տարի սպասել ենք, այս դեպքերից հետո ասացի, որ այլևս անելիք չունեն այնտեղ:
- Եթե Ձեր նշած պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվեք ՀՖՖ նախագահի պաշտոնում:
- Ասեմ, թե ինչու և երբ կառաջադրեմ իմ թեկնածությունը: Միայն այն բանի համար, որ չգան ու ստեղծածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրե: Այնպես չէ, որ ես ֆեդերացիայի լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի նրանց, որոնք գալու են ու ֆուտբոլին վնաս հասցնեն: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա ավելացնել:
- Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող տասը օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է: Ծրագիր ներկայացնելու համար ժամանակ քիչ չէ:
- Հիմա էլ կարող են պատրաստվել: ՖԻՖԱ-ի կանոնադրության հետ կապված հարցեր կան: Բարդ գործընթաց է, բայց ես ցանկանում եմ արագացնել այն: Կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ ստեղծածը քանդեն:
- Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:
- Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներին ընտրել նրան:
- Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ սխալ չի լինի, որ այդ ընթացքում փոփոխություններ տեղի ունենան. հավաքականի ծրագրեր, մարզիչ:
- Իհարկե բարդ է: Որպես ֆեդերացիայի երկար տարիների ղեկավար, սրտացավ եմ: Ցանկացածի կողքին կկանգնեմ այդ ժամանակահատվածը հնարավորինս լավ անցկացնելու համար: Եթե օգտակար աշխատանք է լինելու, ամեն ինչի կարելի է գնալ: Խոսք եմ տալիս` վնաս չի լինելու: Լավ հավաքական ունենք և լավ ենք խաղալու Ազգերի լիգայում:
- Վերադառնանք ակումբային գործերին: Նշվում է, որ մինչև ՀՖՖ-ի հայտարարություն տարածելը Դուք հանդիպել եք Արման Սահակյանի հետ և երաշխիքներ եք տվել:
- Զավեշտի աստիճանի է: Նախ նշեմ, որ դեպքը ֆիքսողը ես չեմ եղել: Հանդիպել եմ Սահակյան Արմանին, «Բանանցի» ներկայացուցչի փոխանցած դիմումը ցույց եմ տվել, հարցրել եմ, սա ի՞նչ է: Ասաց, որ խնդիր է դրել ամեն գնով չեմպիոն դառնալու: Ասացի, որ լուծումները միավորների հանումն է և մնացած պատժամիջոցները և դա նվազագույնն է: Իմ բախտը բերել է, որ «Փյունիկի» հետ իմ ընտանիքը կապ չունի, թե չէ կասեին, որ արել ենք «Փյունիկի» համար: Ես ի՞նչ շահ ունեմ այստեղ: Հիմա դիմել արբիտրաժային դատարան:
- «Փյունիկի» մասին ինչ կասեք, ակումբի հետ կապված հարցերի:
- Տարիներ շարունակ ասել եմ, երբ լինի մեկը, որը պատրաստ կլինի ղեկավարել ակումբը, կնվիրեմ: Չելոյանցը ծանոթացրեց Սողոմոնյանի հետ, առանց մի վայրկյան մտածելու նվիրեցի: Նույնիսկ նա չէր հավատում, զարմացել էր: Պայմանավորվածության համաձայն պետք է գներ մարզաբազան: Հիմա որոշել են բոյկոտեն, թող բոյկոտեն: Նվեր եմ տալիս, որ հետո նման մեղադրանքներ հնչեցնեն: Բանավոր պայմանավորվել էինք, որ պետք է գներ, դե թող գներ: Ավելին, հարցրել էր, թե հնարավոր է տարիների ընթացքում վճարել, ասել եմ` այո, կլինի: Անցած հունիսին եկավ ու ասաց, որ չի ուզում գնել:
- «Փյունիկն» իր հայտարարությունում ասել է, որ իբր թույլ չեք տվել ֆուտբոլի ակադեմիայում մարզվել, իսկ «Հանրապետական» մարզադաշտն էլ կրկնակի թանկ է տրամադրվել «Վարդարի» հետ հանդիպման համար:
- Նման բան չեմ ասել: Նրանք ցանկացել են հավաք անցկացնել. շոգ եղանակին հիվանդություն է տարածվում: Դադարեցրել ենք մարզումային գործընթացները, զբաղվել ենք խոտածածկերի հետ կապված հարցով: Այդ մասին անձամբ Սողոմոնյանին ասել եմ, իսկ նա այդքան տղամարդկություն չունի, որ ճիշտն ասի: «Հանրապետական» մարզադաշտի արժեքն իհարկե թանկացրել ենք. մարզադաշտը պահպանման կարիք ունի: ՈւԵՖԱ-ից ակումբների ֆինանսավորումն ավելացել է, թող դա էլ վճարեն, ինչի՞ մասին է խոսքը: Լեգենդների խաղ է կազմակերպում, միլիոնավոր գումարներ ծախսում, չի ցանկանում պաշտոնական խաղի համար գումար ծախսել: Մեկ նման խաղի ծախսը մեկ ֆուտբոլիստ հրավիրելու չափ է: Եվրոպա լիգայի հանդիպումն է ավելի կարևոր, թե՞ 60 տարեկան վետերանների խաղը: Պետք է ֆուտբոլային մտածել և խելոք խոսել:
- Կարո՞ղ է հետ վերցնեք «Փյունիկը»:
- Նվիրել եմ նրանք, նոր թիմ կստեղծեմ: Իմ դեմ են գործում, ես ավելի բան նվիրե՞մ: Տարիներ առաջ միլիոններ եմ ծախսել «Փյունիկը» վերանորոգելու համար, տեսեք ինչ օրն են գցել հանդերձարանները;
- Ստացվում է, եթե նույնիսկ հեռանաք ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ամեն դեպքում, կմանք ֆուտբոլում:
- Այո, թիմ եմ պահելու` «Նորացված Փյունիկ»: Դպրոցում ընդունելությունն արդեն սկսվել է:
- Խոսվում է այն մասին, որ ակումբները ակադեմիայից օգտվելու հավասար հնարավորություն ունեն:
- Ծիծաղելի չէ՞: Հասարակ բան. տեխնիկական կենտրոնը ունի ֆուտբոլիստների սահմանված քանակ, եթե չեմ սխալվում 600-680: Այդ մարզադաշտերը ինչպես պետք է բավականացնեն: Կենտրոնի ֆուտբոլիստներին ասենք դուրս եկեք, որ Արթուր Սողոմոնյանի թիմը գա մարզվի՞: Հայաստանի ամեն մի քաղաքացի ունի հավասար իրավունք, այս ակադեմիան ժողովրդինն է, իմ կամ մյուսի սեփականությունը չէ: Ակադեմիայն ունի մենեջմենթ, աշխատանքի կազմակերպում: Մինչև 14, 15 տարեկանների հավաքականները արհեստական խոտածածկով խաղադաշտերում են մարզվում:
- Պրոֆեսիոնալ լիգայի մասին ի՞նչ կասեք:
- Թող ստեղծեն: Բազմաթիվ բաներ կարելի է դասակարգել, բայց նրանք չգիտեն, թե պրոֆեսիոնալ լիգան ինչ է: Ֆեդերացիայի նախագահը մեկ գլխացավանքից կազատվի, բայց դա կվնասի ֆուտբոլին: Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը վնաս է կտա ֆուտբոլին:
- Պրոֆեսիոնալ լիգան կարող է նախնական գումարը հավաքել, բայց հետո դժվար կլինի համակարգելը…
- Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք այս մարդկանց լիգայի մեջ: Կարևոր է իշխանության մեջից լինել և ուժեղ լինել: Ինձ մեղադրել են կոպիտ լինելու մեջ, բայց հավատացեք, դա պետք է: Ինձ վիրահատել են, որոշները ոտքի են կանգնել: Արթուր Վանեցյանը ոչ իմ ընկերն է, ոչ մտերիմը. այս պահին նա շատ մոտ է իշխանությանը, ոչ ոք չի կարող անօրինականություն անել: