18/07/2018 23:28
Թբիլիսիում ԵԱՀԿ կոնֆերանսում ադրբեջանական կողմի հակահայկական հայտարարությունները հայկական կողմից անարձագանք մնացին
«Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից Թբիլիսիում կազմակերպված Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսը ադրբեջանական կողմը հերթական անգամ օգտագործեց քաղաքական հայտարարություններ անելու համար։
Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, մասնավորապես, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը տարբեր կոնտեքստներում օգտագործեց «օկուպացված տարածքներ» բառակապակցությունը, ինչին, սակայն, հայկական կողմը չկարողացավ արձագանքել։
Նա հայտարարեց, որ իրենց «հողերն օկուպացված են ու լրագրողներին խնդրում են հարգել այդ փաստը»։ Երբ ադրբեջանցի պաշտոնյան հերթական անգամ կրկնեց այդ հայտարարությունը, Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլեն Հարությունյանը փորձեց ձայն խնդրել և արձագանքել, սակայն նիստը վարող ԵԱՀԿ ներկայացուցիչ Այդար Բոտագարովն ասաց, որ ժամանակն ավարտվել է և հնարավոր չէ շարունակել, ինչը սկանդալի պատճառ դարձավ։ Առավոտյան համաժողովի աշխատանքը սկսելու է Էլեն Հարությունյանը։
Նշենք, որ Հայաստանից ԵԱՀԿ կոնֆերանսին ներկա են լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԳՆ ներկայացուցիչ Էլեն Հարությունյանը, կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, կառավարության արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ Գրիգոր Հակոբյանը։