18/07/2018 17:32
Եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիվ գործողությունների, ապա դա վերջ կդնի ժողովրդավարությանը թե՛ Հայաստանում, և թե՛ առհասարակ տարածաշրջանում. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 18-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նրա ջանքերն ու հետևողական աշխատանքը ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել հարստացնելու, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայանպաստ գործունեություն իրականացնելու հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական փոխգործակցությունն այսուհետ ևս շարունակելու է զարգանալ ու ընդլայնվել:
Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է բոլոր այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են պետականաշինության ու հասարակության զարգացման համար:
«Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է», - նշել է Արա Բաբլոյանը և մտահոգություն հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինուժի կուտակումների կապակցությամբ:
ԱԺ նախագահի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիվ գործողությունների, ապա դա վերջ կդնի ժողովրդավարությանը թե՛ Հայաստանում, և թե՛ առհասարակ տարածաշրջանում` հետագա կայուն զարգացման համար ստեղծելով լրջագույն վտանգներ:
Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում:
Ալբերտ Վայլերն իր հերթին կարևորել է հայ-գերմանական կապերի առավել զարգացումն ու խորացումը մի շարք ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցերի դերը: Պատգամավորը ողջունել է այն փաստը, որ Հայաստանում վերջին զարգացումները խաղաղ ճանապարհով ընթացան, ինչը, նրա խոսքով, դրական գնահատականի է արժանացել միջազգային ասպարեզում:
Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը՝ Ալբերտ Վայլերն այս գործընթացում աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել, ինչը ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
Գերմանացի պատգամավորի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ հապճեպ և կենսունակ լինեն ապագայի համար: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ մեր երկրին անհրաժեշտ են կառուցողական բարեփոխումներ:
Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խորացմանը վերաբերող այլ հարցեր ևս: