18/07/2018 13:14
Դեռևս վաղ է հայտարարել Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին. ԱՄՆ դեսպան
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ դեռևս վաղ է հայտարարել նոր խոշոր ներդրումների մասին:
«Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռ.Միլսը:
Նրա խոսքով` «դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»:
«ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամու՞տ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի քայլերում, հետաքննությունները, որոնք սկսվել են, ինչպե՞ս է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին», - նշել է ԱՄՆ դեսպանը: