19/07/2018 19:01
«Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում
«Ալաշկերտ» Ֆուտբոլային ակումբը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում:
«Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները:
Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:
«Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում:
Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի:
Եվ նրա ընտրվելու դեպքում «Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին` հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նա նաև ասել էր, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ: