19/07/2018 16:01
«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
«Փյունիկ»-ի ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ընդունել լուրը, ըստ որի՝ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
«Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը և պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի առջև դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ։ Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի», - ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նա նաև ասել էր, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ: